top of page
Պատմական ակնարկ

     

      Կարևորելով ազգանվան մի քանի հարյուրամյա պատմությունը՝ մենք ցանկանում ենք ներկայացնել համառոտ պատմական ակնարկ՝ ընդգծելով նաև տարածաշրջանի դերը տոհմի ծագման և զարգացման գործում:

 

      Խաչենի իշխանության օրոք Չալունց տոհմի ներկայացուցիչները եղել են Հերհերի (այժմ՝ ԱՀ Մարտունու շրջանի համանուն գյուղ) տանուտերեր (տիրույթների և բնակավայրերի կառավարչի կոչում)։ Խաչենի իշխանությունը գոյություն է ունեցել 13-17-րդ դարերում՝ պատմական Արցախի տարածքում, նախկին Ծավդեք-Արցախի նախարարական-իշխանական տան տոհմաճյուղերի գլխավորությամբ։ Մեր կարծիքով դժվար է թերագնահատել Խաչենի իշխանության ավանդը Հայաստանի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային կյանքում, քանի որ այն վերջին հայկական փաստացի անկախ պետականությունն էր մինչև 1918 թվականին ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ 

 

      Համաձայն հայ պատմիչների վկայությունների, Հերհերի հիմնադիրը եղել է Չալին, և նրա հետնորդներից են մի քանի սերունդ շարունակ տանուտերեր եղել։ Հիմնադրումը հավանաբար տեղի է ունեցել 1300-ական թվականներին, քանի որ Հերհերի մասին առաջին ձեռագիր տեղեկությունը մեզ է հասել Հերհերի և Քարահունջի (Մարտունու շրջան) միջև կնքված 14-րդ դարի առևտրային կալվածագրից։ 1666-1676 թվականներին Պետրոս կաթողիկոսի հրամանով՝ Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ այստեղ կառուցվել է Ամարասի վանքի ամառանոցը և Սբ. Գրիգորիսի եկեղեցին, որտեղ պահպանվել են մասունքներ, խաչքարեր, 17-րդ դարաշրջանի կարևոր դեպքերի ու անձանց մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։ Բազիլիկը ունի քառամույթ գմբեթավոր կառուցվածք, պատերը շարված են սրբատաշ քարերով։ Ըստ եկեղեցու վիմագիր արձանագրություններից մեկի՝ Հերհերի հասարակությունը և տանուտեր Ղասումը եկեղեցու կառուցման համար արտ են նվիրում Ամարասի վանքին.

 

      «Մեք Հիրհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ եւ փոքր ճանապարհի գլխի տափին սկիզբն վախմ էր սուրբ Աստուածածնին: Մեք եւս վախմ արարաք Սուրբ Գրիգորիսին: Ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ»։

 

      Ամարասի հովտի պատմական շրջանում կան տոհմի հետ կապված վայրեր ու հիշատակումներ, ինչպիսիք են Չալունց աղբյուրը, ինչպես նաև համանուն գետակ Արաքսի ավազանում, որը հոսում է Լուսավորչի լեռան արևմտյան ստորոտով և անցնում Ամարասի մոտով։ Նշենք նաև այսպես կոչված օջախների (օճախ) մասին: Միջին դարերում այս տարածաշրջանի գրեթե բոլոր բնակավայրերում, հատկապես սեփական եկեղեցի չունեցող, կար մեկ կամ երկու օջախ, որը սրբատեղի էր համարվում։ Դրանք շինություններ էին, որտեղ անցկացվում էին մոմավառություններ և քրիստոնեական այլ ծեսեր։ Այդ ժամանակ Հերհերում կանգնած էր Չալունց օջախը։

 

      19-րդ դարի կեսերին, ընտանիքը Կուսապատում հյուրընկալել է Րաֆֆուն և օգնել նրան պատմական տեղեկություններ որոնել իր «Խամսայի մելիքությունները» երկերի ժողովածուի համար։ Բազմաթիվ պատմական տվյալների պահպանման գործում առանցքային դեր են ունեցել իրենց գործին նվիրված պատմաբաններն ու հեղինակները, ովքեր նույնիսկ դժվարին ժամանակներում ուղևորվել են Հայաստանի տարբեր անկյուններ և ուսումնասիրել չափազանց արժեքավոր նյութեր։ Օգտագործված գրականության ցանկը ներկայացված է ստորև։

      Կրթական ոլորտը 19-20-րդ դարերում կարևոր դեր է ունեցել ազգանվան համար: Այդ ասպարեզում ընտանիքի ականավոր ներկայացուցիչներից կարելի է հիշատակել Ավագ Հարությունի Չալյանին (1883-1962), ով ղեկավարել է Շուշիի գիմնազիաներից մեկը։

      Չնայած հայտնի փաստերին, շատ բաներ դեռևս մնում են չբացահայտված, ուստի մենք կշարունակենք ուսումնասիրել և ընդլայնել տոհմի և տարածաշրջանի պատմական ժառանգությունը։​​​​​

      Գրականություն՝

  1. Լալայան Ե., Ազգագրական հանդէս, Կիսամեայ պատկերազարդ, Շուշի, 1896: 

  2. Լալայան Ե., Վարանդա, Ազգագրական հանդէս, Թբիլիսի, 1897:

  3. Սարգսյան Ա. Յու., Արցախի Ժողովրդագիտությունը, Ազգագրություն, հ. 2, Ստեփանակերտ, 2019:

  4. Ուլուբաբյան Բ., Արցախը պատմական աղբյուրներում և պատմագիտական գրականության մեջ, Երևան, 1969:

  5. Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան, 1975։

·Չ·

bottom of page